«Տարեմուտի գիշերն ու Սուրբ ծննդյան օրը թե՛ մետրոպոլիտենը, թե՛ հասարակական տրանսպորտի մյուս միջոցները կաշխատեն որոշակիորեն երկարացված ժամանակացույցով»,- այս մասին irates.am-ին տեղեկացրել էին Երևանի քաղաքապետարանից:
Այս օրերին քաղաքացիներին օգնության են հասնում գլխավորապես տաքսիները: Դրանք ամենուր են: Տաքսիստների վկայությամբ` տոն օրերին հաճախորդի պակաս չեն ունենում, իսկ «գործազրկությունը» վրա է հասնում հունվարի 13-ից հետո:
Պատկերը, որ կողմից էլ նայես, շատ տխուր է Քանաքեռում: Երբեմն ինձ թվում է, որ աշխարհից մոռացված անկյունում ծվարած այս գողտրիկ ու հին թաղամասը քաղաքի հետ որևէ կապ չունի: Ոչ միայն տոն օրերին: Քանաքեռի միակ տաքսի ծառայությունը գրեթե երբեք ազատ տաքսի չի ունենում, մոտակա շրջանների տաքսի ծառայություններից միշտ նույն պատասխանն ես ստանալու` «կներեք, Քանաքեռ տաքսի չունենք»: Մնում է հասնել մայրուղի ու կանգնեցնել առաջին պատահած տաքսին:
Բայց ինչպես հասնել գլխավոր փողոց: Մոտենում ենք մերկասառույցների խնդրին: Անկեղծ ասած, եթե մեր բակի (և ոչ միայն) սառցեդաշտը հարթ ու հարմարլիներ սահելու համար, կարող էինք գլուխ գովել, թե մեր բակում սահադաշտ կա: Բայց անհարթ սառցե շերտը հաղթահարելու համար առնվազն պրոֆեսիոնալ գեղասահորդ պետք է լինես: Թե այս ոչ տոնական խնդիրը ինչ կերպ կարելի է լուծել, չգիտեմ: Երևի ոչ մի կերպ: 2014-ն էլ չի փրկի: Թեև Ձին կարծես արագություն ու շարժում է խոստանում, իսկ Քանաքեռում Նոր տարի է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ